«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ շաբաթ կայացած գիտական լսմանը ընդհանուր վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը ներկայացրեց զեկույց «Օղակված ճողվածքների վիրահատությունների նորագույն մոտեցումները «Միքայելյան» հիվանդանոցում» թեմայով։
Օղակված ճողվածքները համարվում են ճողվածքների ամենահաճախ հանդիպող բարդությունը, որը կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին։ Օղակված աճուկային ճողվածքները հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ, իսկ օղակված ազդրային ճողվածքները՝ կանանց մոտ։
Բժիշկ Հակոբ Շմավոնյանը նշեց, որ լապարասկոպիկ վիրահատությունները օղակված ճողվածքների դեպքում դեռևս լայն կիրառում չունեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Նա անդրադարձավ օղակված ճողվածքների լապարասկոպիկ վիրահատությունների առավելություններին, տեխնիկական առանձնահատկություններին, ներկայացրեց կլինիկայում կատարված վիրահատություններից։
«Օղակված ճողվածքների լապարասկոպիկ վիրահատության առավելությունները բազմաթիվ են, նախ՝ որովայնի խոռոչի մանրակրկիտ ռեվիզիայի հնարավորություն, ցանցի տեղակայման առանձնահատկություններով պայմանավորված հետվիրահատական ցավի նվազում, անգնահատելի կոսմետիկ առավելություն և այլն»,-ասաց բժիշկը։
Գործընկերները բանախոսին հարցեր ուղղեցին միջազգային փորձից, ուղեցույցներից, օղակված ճողվածքների վարման առանձնահատկություններից, օղակված օրգանի կենսունակության գնահատման չափորոշիչներից և այլն։
Գիտական լսման ժամանակ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշեց, որ 2010թ-ից արտասահմանցի գործընկերների աջակցությամբ սկսել են իրականացնել ճողվածքների վիրահատություններ, 2014թ-ից ինքնաֆիքսվող ցանցերի առաջին կիրառողն են եղել, իսկ 2019թ-ին առաջին անգամ Հայաստանում՝ հենց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում է իրականացվել աճուկային օղակված ճողվածքների լապարասկոպիկ վիրահատություն, որից հետո մեթոդը հաջողությամբ ներդրվել է և կիրառվում է մինչև այսօր։ Պրոֆեսորը նշել է, որ համալսարանական հիվանդանոցը մեծ փորձ ունի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ լապարասկոպիայի կիրառման մասով, իսկ արդյունքները գոհացուցիչ են։
.png)